Սելջուկների հետ Միջին Ասիայից Անատոլիա հասած թուրքերի գենը մեծ տարածում չի գտել այդ տարածաշրջանում, գտնում է «Նացիոնալ Գեոգրաֆիկ» կազմակերպության աշխատակից Սփենսեր Վիլսը: Վիլսի այս հայտարարությունն անսպասելի չէր թուրք գիտնականների համար, քանզի նրանց մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Ստամբուլի Բողազիջի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության եւ գենետիկայի ֆակուլտետի դասախոս Ասլիխան Թոլունը տեղեկացրել է, որ դեռեւս 5-6 տարի առաջ օտարերկրյա մասնագետների հետ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թուրքերը «բազմատարր» են: Թոլունի խոսքերով` «գենետիկական առումով, թուրքերը շատ նման են բալկանյան ժողովուրդներին, կովկասցիներին, հայերին եւ արաբներին, սակայն, միեւնույն ժամանակ ունեն նաեւ իրենց առանձնահատկությունները»: Այն մասին, որ թուրքերը Միջին Ասիայից Անատոլիա գաղթած քոչվոր ժողովուրդ են ասել է նաեւ Անկարայի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Հաքան Շաթըրօղլուն: «Մենք երբեք մի տեղում չենք մնացել եւ հեշտությամբ մերձեցել ենք տեղի ժողովուրդների հետ, պահպանելով մեր լեզուն եւ մշակույթը: Բնական է, որ թուրքական գենը մաքուր չէ»,- ավելացրել է Շաթըրօղլուն