Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի նախագահությամբ նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացման հադիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքներին:
Հանդիպմանը ներկա են գտնվել ԲՈՒՀ-երի և մարզադպրոցների ներկայացուցիչներ, որոնց փոխնախարարը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին կայանալու է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը և նշել այդ միջոցառման բացառիկ կարևորությունը: Նրա խոսքերով, շուրջ 10 օր ողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է լինելու Հայաստանին, և այդ աննախադեպ միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել բարձր մակարդակով:
Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Բացմանը ներկա են լինելու ՀՀ և ՀԱՕԿ բարձրաստիճան ղեկավարներ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնակից 71 երկրների պատվիրակության անդամներ և շուրջ 15 երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Այս առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որի մասնակիցները 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներն են` 10 քաշային կարգերում:






