Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Աբովյանում շարունակում է պատրաստվել մինչև 23 տ Եվրոպայի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, նա մոտավորապես գիտի այն բռնցքամարտիկների անունները, որոնք կներկայացնեն Հայաստանը առաջնությունում, սակայն վերջնական կազմը կհրապարակվի ավելի ուշ:
«Աբովյանում մենք կմարզվենք մինչև նոյեմբերի 30-ը, իսկ արդեն դեկտեմբերի 1-3-ը Երևանում վերջին հավաքը կանցկացնենք: Դեկտեմբերի 4-ին մեր պատվիրակությունը կմեկնի Կալինինգրադ, որտեղ կայանալու է Եվրոպայի առաջնությունը»,-ասել է Աղամալյանը:
Հայ բռնցքամարտիկներն առաջին ուսումնամարզական հավաքն անցկացրել են Ծաղկաձորում: Մինչև 23տ ԵԱ-ն կանցնի դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում: Հայաստանը կներկայացնեն 8 բռնցքամարտիկներ:






