ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ դեմ է ֆուտբոլում վիճելի պահերի լուծման համար տեսակրկնությունների տեխնոլոգիաների ներմուծմանը:
Պլատինին կրկին մեկնաբանել է ՖԻՖԱ-ի կողմից առաջարկված տեսակրկնությունների ներմուծումը` կասկած հայտնելով դրանց օգտագործման պատեհության առիթով:
«Հնարավոր է, մենք տեսակրկնությունների կարիք ունենք խաղից դուրս դրությունը որոշելու համար: Բայց ձեռքով խաղը որոշելու համար տեսախցիկը պետք է լինի հենց խաղացողի վրա: Ուստի ես չեմ հավատում դրան: Բլատերն ասում է, որ 5 մրցավարներ խաղում շատ թանկ է, բայց եթե ներմուծել գոլի որոշման վիդեոտեխնոլոգիաներ, ապա դա կարժենա 32 մլն դոլար առաջին տարում և 54 մլն գալիք հինգ տարիների ընթացքում: Համեմատության համար մրցավարների վրա ծախսվում է տարեկան 2,3 մլն դոլար»,- ասել է Պլատինին:
Նա նաև նշել է, որ դեմ է եռակի պատժի ներմուծմանը` 11-մետրանոց, կարմիր քարտ և տուգանային հրապարակում խախտման համար որակազրկում. «Ես կտրականապես դեմ եմ դրան: Բոլոր հանձնաժողովները, ինչպես նաև ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն նույնպես դեմ են: 11-մետրանոցի հետ դեղին քարտը լիովին բավարար է»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը:
Պլատինին նաև հայտարարել է, որ եվրագավաթների անցկացման համակարգի փոփոխության հարցը կլուծվի 2014-ին:






