«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ուղևորությունը Մոսկվա կապված է եղել նրա վնասվածքի հետ, այլ ոչ թե Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու, «Ռ-Սպորտ» գործակալությանը հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
«Յուրայի նկատմամբ հետաքրքրություն կա մի քանի թիմերից կողմից, այդ թվում` «Սպարտակի», բայց նա հիմա ոչ մի տեղ չի գնում: Այո, նա բժշկական հետազոտության համար մեկնել է Մոսկվա, բայց դա կապված է եղել նրա կրունկի վնասվածքի հետ, որի պատճառով նա բաց է թողել մի քանի խաղ, այլ ոչ թե իբր «Սպարտակ» տեղափոխվելու հետ»,- ասել է Մուսլինը: Նրա խոսքով, եթե Մովսիսյանն ամեն դեպքում լքի թիմը, դա «լուրջ հարված կլինի» իրենց համար:
«Մենք հասկանում ենք, որ Յուրան հավականություններ ունի, որ նա կցանկանար հանդես գալ թիմերում, որոնք պայքարում են Եվրոպայի լիգայում կամ Չեմպիոնների լիգայում տեղերի համար: Դրան գումարած շատ ակումբներ նրան կարող են առաջարկել ավելի բարձր աշխատավարձ: Սակայն հիմա Յուրան «Կրասնոդարի» խաղացող է: Եթե նրա վերաբերյալ առաջարկներ ստացվեն, մենք, իհարկե, կքննարկենք դրանք»,- հավելել է նա:
Մուսլինը նշել է, որ Մովսիսյանը «Կրասնոդարի» առաջատարն է և առաջին օրվանից օգնել է թիմին զարգանալ և առաջ շարժվել. «Մյուս կողմից, Յուրան «Կրասնոդարի» շնորհիվ զարգանալու հնարավորություն է ստանում և աճում որպես ֆուտբոլիստ»:






