Ադրբեջանական կողմը հաճախ հարցը այնպես է ներկայացնում, որ եթե ղարաբաղյան խնդրում Ադրբեջանին բավարարող լուծումը գտնվի, ապա Ադրբեջանը կմիջնորդի, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: Սակայն, նա նշել է, որ «մեր վերլուծությունները թույլ են տալիս ասելու, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը շատ քիչ առնչություն ունի ղարաբաղյան խնդրի հետ»: «Այսօր տարածաշրջանում եւ աշխարհում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, եւ իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանը Թուրքիան փակ է պահում Եվրամիությանն անդամակցելու` իր խնդրի շուրջ առեւտուր անելու նպատակով, այսինքն, այդ կերպ Թուրքիան շանտաժի է ենթարկում Եվրամիությանը: Հիմքը սա է: Քանի որ ինչ – որ ձեւով պիտի բացատրվի այդ շանտաժը, ապա այն քողարկվում է նաեւ ղարաբաղյան խնդրի առկայությամբ կամ չլուծված լինելով: Դա միջազգային քաղաքականության մեջ հաճախ կիրառվող հնարք է»,-հայտարարել է Արման Մելիքյանը: «Եվրոպացի դիվանագետները դա ընկալում են, եւ կարծում եմ, հենց դրան ի պատասխան` բարձրացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Այսինքն, որպես միմյանց հետ ունեցած խնդիրները լուծելու զենք` նրանք կիրառում են հայկական հարցեր. Թուրքիան` սահմանի փակ վիճակը, եվրոպացիները` Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Մենք պիտի հետամուտ լինենք մեր շահերին եւ կարծում եմ, ԼՂՀ ժողովրդի հիմնական շահն այսօր այն է, որ կարողանանք երկիրը լիարժեք մասնակից դարձնել միջազգային գործընթացներին եւ դարձնել միջազգային հանրության լիիրավ անդամ»,-ամփոփել է «Ռեգնում» գործակալությունը:






