AM
27 Մայիս 2005 - 03:17 AMT

ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿ. ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՔՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Հրադադարի ռեժիմի խախտումները Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցանկալի են եւ կարող են բացասաբար ազդել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների վրա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: Միեւնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ կողմերի ղեկավարությունը գիտակցում է հրադադարի ռեժիմի խախտումների վտանգը, որոնք հանգեցնում են անիմաստ զոհերի: Կասպրշիկի կարծիքով, վերջին ժամանակներս դիտարկվում է փոխհրաձգության մակարդակի նվազեցման միտում: Կասպրշիկի կարծիքով, «նա այցելել է Ղազախի շրջանի Մյազյամ եւ Տերտերի շրջանի Գապալի գյուղերը, որտեղ բարդ իրավիճակ էր ստեղծվել»: Կասպրշիկը չի նշել կողմերի կորուստները վերջին շրջանում, իսկ այն հարցին, թե կար արդյոք անհրաժեշտություն ստորագրել հրադադարի ռեժիմի վերաբերյալ նոր պայմանագիր, Կասպրշիկը բացասական պատասխան է տվել: «Համաձայնագիր կա եւ այն հարկավոր է կատարել»,-ասել է դիվանագետը: Հնարավո՞ր է արդյոք շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղկայումը: Այդ հարցին Կասպրշիկը պատասխանել է, որ դա կպահանջեր մանդատի փոփոխություն եւ առաքելության անդամների քանակի ավելացում: Սակայն, ներկայումս տվյալ հարցը չի դիտարկվում: