Ամերիկայի առաջատար հայկական կազմակերպությունները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով նրան օգնություն տրամադրել Իրաքի հայերին ետպատերազմայն ճգնաժամը հաղթահարելու նպատակաով իրաքցիներին ցուցաբերվող համաամերիկյան աջակցության շրջանակներում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, նամակում նշվում է, որ Իրաքի հայ համայնքը, բաղկացած մոտ 30 հազար մարդուց, լրջորեն տուժել է պատերազմի ընթացքում եւ այսօր, հիմնական ռազմական գործողությունների ավարտից ավելի քան երկու ամիս անց, գտնվում է ճգնաժամի մեջ: Ինչպես նշվում է նամակում, նրանց վիճակը չի փրկում նույնիսկ հայերի օգնությունը արտասահմանից, ինչպես նաեւ այն ջանքերը, որ գործադրում են Հայ եկեղեցին եւ Իրաքի համապատասխան սոցիալական կառույցները: