Հայաստանը գտնում է, որ Թուրքիայի հետ գոյություն ունեցող ցանկացած տարաձայնություն չի կարող արդարացնել երկու երկրների սահմանների փակ լինելը եւ երկկողմ հարաբերությունների բացակայությունը: Այս մասին հայտարարել է ԵԽ-ումՀայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Նրա խոսքերով` առանց նախապայմանների սահմանների բացումը կլինի առաջին նշանակալի քայլը երկկողմ հարաբերությունների հաստատման համար: Այդ քայլը պետք է ուղեկցվի երկխոսության հաստատմամբ` այդ նպատակով ստեղծվելիք միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Հատկապես այդ հանձնաժողովն էլ կքննարկի եւ կլուծի բոլոր այն հարցերը, որոնք դեռեւս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդրահարույց են: «Սա է վարչապետ Էրդողանին ուղղված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավոր առաջարկության իմաստը, որը մինչ այսօր անպատասխան է մնացել»,- հայտարարել է Տեր-Ստեփանյանը: «Միեւնույն ժամանակ մենք կարող ենք արձանագրել, որ թուրքական իշխանությունները երբեք պատրվակների պակաս չեն զգում` դիվանագիտական հարաբերություններ հաստատելը եւ սահմանները բացելը մերժելու համար: Այսպես, վերջերս Թուրքիան նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունը` դրանով իսկ բացատրելով այդ հարցում իր դիրքորոշումը»,- հայտարարել է նա: Սակայն, նրա խոսքերով, մենք հավատում էինք, որ մեր պետությունների ղեկավարների միջեւ նամակների փոխանակումը հնարավորության պատուհան էր բացել երկխոսություն սկսելու համար: Մենք ցավով ափսոսանք ենք հայտնում, որ եւս մեկ անգամ Թուրքիան չօգտվեց առիթից Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: