AM
30 May 2005 - 03:58 AMT

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ. ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում «նոր առաջարկներ չեն սպասվում, որեւէ նոր բան չի ասվելու»: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Բոլոր հնարավոր տարբերակներն արդեն սեղանին են: Գործընթացը շարունակվում է: Կողմերը պետք է հասունանան, առաջին հերթին` Ադրբեջանը», – նշել է Արկադի Ղուկասյանը: Նա նաեւ բացառել է բանակցությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանների շուրջ քննարկումների հնարավորությունը: «Դա անլուրջ մոտեցում է, որովհետեւ շրջանների հարցը չի կարող քննարվել ընդհանուր համատեքստից դուրս: Մենք բանակցային գործընթացի հիմքում դնում ենք կարգավիճակի, ադրբեջանցիները` տարածքների հարցը: Եզրերը չեն համընկնում, եւ չեմ կարող ասել` երբ կհամընկնեն», – նշել է ԼՂՀ նախագահը` համոզմունք հայտնելով, թե «խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական սեղանի շուրջ»: