Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է երկրի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկի հայտարարությունը, տեղեկացնում է AFP(Ստամբուլ) գործակալությունը: Նրա խոսքերով` Չիչեկի բացասական հայտարարությունը Թուրքիայում «Օսմանյան կայսրության հայերը կայսրության փլուզման ժամանակ: Գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարց» թեմայով գիտաժողովի առնչությամբ, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 25-27-ին, անձնական է եւ ոչ մի կապ չունի այդ հարցում Թուրքիայի կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ: Նշենք, որ Թուրքիայի կառավարության ճնշման ներքո Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ աննախադեպ գիտաժողովի կազմակերպիչները ստիպված էին չեղյալ հայտարարել միջոցառումը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 25-27-ին Ստամբուլում: Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը գիտաժողովի կազմակերպիչներին մեղադրել է պետական դավաճանության մեջ եւ գնահատել այն որպես «հարված թիկունքից» Թուրքիային: Իր հերթին Եվրամիությունը քննադատել է Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության հարցերով աննախադեպ պատմական գիտաժողովի անցկացման արգելումը: