AM
31 May 2005 - 03:36 AMT

Ա.ԱԶԻՄՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՀԱՍՏԱՏՎԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ

Ադրբեջանի արտգործնախարար, ԱՀ նախագահի ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը մամլո ասուլիս է անցկացրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների ընթացքի կապակցությամբ, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Ա.Ազիմովը պատմել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի Վարշավայում կայացած հանդիպման մասին` անվանելով այն արդյունավետ եւ էական` օգտակար քննարկումներ անցկացնելու առումով: ԱԳՆ փոխղեկավարը հիշեցրել է, որ վարշավյան բանակցություններից հետո Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան, հանդիպումներ անցկացրել ԱՀ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Համանախագահները հանգամանորեն տեղեկացրել են Ադրբեջանի նախագահին հետագա պլանների մասին: Ըստ Ա.Ազիմովի, հունիսի կեսերին նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Նշենք, որ վերջին ժամանակներս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գերադասում են հանդիպել յուրաքանչյուր երկրի արտգործնախարարի հետ առանձին, համարելով նման ձեւաչափի հանդիպումները առավել արդյունավետ: ԱԳՆ ղեկավարի կարծիքով, Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում միջազգային ասպարեզում սկսել է ավելի մանրամասն լուսաբանվել: Գլխավորը` աճում է նրանց թիվը, ովքեր աջակցում են Ադրբեջանի դիրքորոշմանը, հայտարարել է նա: Ադրբեջանը կոնկրետ հայեցակարգ ունի խաղաղ բանակցությունների վերաբերյալ, հայտնի են դրա սկզբունքները եւ մանրամասները: Ազիմովի խոսքերով, բանակցությունների թեմա են հանդիսանում «գրավյալ ադրբեջանական տարածքների վերադարձը, բռնի տեղահանվածների վերադարձը իրենց տները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, անվտանգության երաշխիքները տարածաշրջանի երկու համայնքների համար, հաղորդակցության համակարգի վերականգնումը եւ այլն»: Փոխարտգործնախարարը ասել է, որ Ադրբեջանը ընտրել է ինտեգրման ուղին եւ հաջողությամբ առաջ է ընթանում: Նա նշել է, Ադրբեջանի մեղքը չէ, որ Հայաստանի հայտնվել է ինտեգրման շրջանակներից դուրս: Ա.Ազիմովի խոսքերով, «գրավյալ տարածքների ազատագրումից եւ դրա հետ կապված խնդիրները լուծելուց հետո, հավանաբար, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կհաստատվեն նորմալ հարաբերություններ»: Նրա խոսքերից պարզ է, որ խնդրի կարեւոր գործոններից մեկը կապված է առաջիկա պայմանավորվածությունների երաշխիքների հետ: Ադրբեջանը դիտարկում է այդ խնդիրը երեք կողմից` խոսքը կարող է գնալ իրավական, քաղաքական եւ պատմական երաշխիքների մասին: Որպես երաշխիք հնարավոր է բանաձեւի ընդունում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից եւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում հայտնի տարածքում: Ա.Ազիմովը հայտարարել է, թե Ադրբեջանը «պնդում է գրավյալ տարածքների լիակատար ազատումը մինչեւ հողի վերջին թիզը, եւ այն մասին, թե այս կամ այն շրջանը չի ազատագրվելու խոսք լինել չի կարող»: Սակայն այս ամենը մեկ օրվա բան չէ: Ըստ Ա.Ազիմովի, ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ խաղաղ պայմանագիրը դեռ պատրաստ չէ, սակայն գործընթացը նոր խթան է ստացել, եւ հույս կա, որ բանակցությունները հունիսին, հուլիսին եւ օգոստոսին կոնկրետ արդյունք կտան: Նրա խոսքերով, դա հասկանում է նաեւ Հայաստանը: Ընդհանրապես սխալ կլիներ պնդել, թե հակամարտության ձգձգումը վնասակար է միայն Ադրբեջանի համար: Ա.Ազիմովը, պատասխանելով Վրաստանից դուրս բերվող ռազմակայանների զենքի եւ սպառազինության մի մասը Հայաստան տեղափոխելու Ռուսաստանի մտադրության վերաբերյալ հարցին, հայտարարել է, թե այդ կապակցությամբ Ադրբեջանի կողմից Ռուսաստանին ներկայացված նոտային պատասխան դեռեւս չի ստացվել, սակայն Բաքվում ուշադիր հետեւում են իրադարձությունների զարգացմանը: Ա.Ազիմովի խոսքերով, Հայաստանին սպառազինության փոխանցումը, քանի դեռ այդ երկիրը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, կմտահոգի պաշտոնական Բաքվին: Նա ասել է, թե «գրավյալ ադրբեջանական տարածքները անվերահսկելի են եւ այդ առումով վտանգ կա, որ այնտեղ պահվում է որոշակի քանակությամբ զենք»: Նրա խոսքերով, Ադրբեջանը հուսով է, որ Ռուսաստանը ուշադիր կլինի այս հարցի նկատմամաբ: