Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության (CDU) նախագահ Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպական սահմանադրության ընդունման հարցով Ֆրանսիայում տեղի ունեցած հանրաքվեի «դեմ» արդյունքը խոսում է այն մասին, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցի վերաբերյալ CDU-ի արտահայտած կարծիքը ճիշտ է, հաղորդում է «Երկիր» թերթը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը: Նրա խոսքերով, գերմանական CDU/CSU միացյալ կուսակցությունները պետք է վերանայեն Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների հարցում իրենց կարծիքը: Իր հերթին, Սաարլանդի երկրամասի վարչապետ Պետեր Մյուլլերն էլ նշել է, որ ֆրանսիական հանրաքվեի «ոչ» արդյունքը կասկածներ է հարուցել` ԵՄ ընդլայնման հարցում: Նա նաեւ ընդգծել է, որ վերջին ընդլայնումից հետո ԵՄ-ն կարիք ունի հանգստանալու, եւ որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ միասին վերանայել նաեւ Ռումինիայի եւ Բուլղարիայի ԵՄ անդամակցության հարցերը: Մյուս կողմից, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը նշել է, որ թեեւ ֆրանսիական հանրաքվեի բացասական արդյունքը ցավալի է, սակայն, ինքը հարգանքով է վերաբերվում ֆրանսիական ժողովրդի այդ որոշմանը` միեւնույն ժամանակ նշելով, որ այդ փաստն, այնուամենայնիվ, մեծ դժվարություններ կառաջացնի ԵՄ-ի համար: