Ճապոնիայում ընթացող EXPO-2005 համաշխարհային ցուցահանդեսում հունիսի 7-ին կանցկացվի Հայաստանի ազգային օրը: Ըստ Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) արտահանման բաժնի պետ Մուշեղ Սարգսյանը, այդ միջոցառմանը մասնակցելու նպատակով Ճապոնիա կժամանի Հայաստանի պատվիրակությունը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: EXPO-2005-ում Հայաստանի ազգային օրվա շրջանակներում կցուցադրվի կինոնկար Հայաստանի մասին, կկայանա ֆոլկ-ջազ խմբի ելույթը, կանցկացվի հայկակակն կոնյակների եւ գինիների համտես: EXPO-2005 ցուցահանդեսը բացվել է մարտի 25-ին եւ կշարունակի իր աշխատանքը մինչեւ սեպտեմբերի 25-ը: Հայաստանը` Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, ներկայացված է «Կովկաս» միասնական տաղավարում: