AM
6 Դեկտեմբեր 2012 - 07:46 AMT

Հնդկաստանի ԱՕԿ-ը ժամանակավորապես է հեռացվել Միջազգային օլիմպիական կոմիտեից

Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Հնդկաստանի անդամակցությունը կազմակերպությանը: Դա նշանակում է, որ հնդիկ մարզիկները չեն կարող մասնակցել օլիմպիական միջոցառումների երկրի դրոշի տակ: Դելին Լոզանից չի ստանա նաև աջակցություն, որտեղ գտնվում է ՄՕԿ կենտրոնակայանը, ազգային սպորտի զարգացման համար:

ՄՕԿ կենտրոնակայանում հաղորդել են, որ որոշումը կարող է կասեցվել, եթե Դելիում ընդունեն միջազգային կազմակերպության դիրքորոշումը և քվեարկությունից հանեն ԱՕԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում վիճելի թեկնածուին: Դա առաջին դեպքը չէ, երբ ՄՕԿ-ը պատժամիջոցներ է կիրառում. օրինակ, 2010-ին Քուվեյթը որակազրկվել է նրա համար, որ տեղի քաղաքական գործիչները միջամտել են սպորտային պաշտոնյաների գործերին: Արգելքը հանվել է միայն Լոնդոնի Օլիմպիադայից առաջ, հաղորդում է «Իզվեստիան»:

ՄՕԿ դեմարշը տեղի է ունեցել Հնդկաստանի ԱՕԿ նիստի նախօրեին, որտեղ դեկտեմբերի 5-ին պետք է հայտարարվեին նոր գլխավոր քարտուղարի ընտրությունների պաշտոնական արդյունքները: Այդ պաշտոնին հավակնում է Լալիտ Բհանոտը` սպորտային ֆունկցիոներ, ով արդեն գրեթե մեկ տարի գտնվում է հետաքննության տակ` կապված Դելիում 2010-ին Բրիտանական համագործակցության խաղերի կազմակերպման շուրջ կոռուպցիոն սկանդալի հետ: