ԱՄՆ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին նախօրեին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ Սենատի բանկային, քաղաքային գործերով կոմիտեի, ինչպես նաեւ կանոնների եւ հետախուզության կոմիտեների անդամ, սենատոր Չարլզ Հեյգելը: Նրա խոսքերով` «ԱՄՆ Ռուսաստանի հետ միասին պատրաստ է դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով ցանկացած օգնություն ցուցաբերել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Չ.Հեյգելի կարծիքով` նախագահների Վարշավայում կայացած հանդիպումը հակամարտության կարգավորմանն ուղղված դրական քայլ էր: «Սակայն դրա հետ մեկտեղ, սպասվում է դեռեւս երկար ճանապարհ: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է հասնել ընդհանուր դիրքորոշումների,- ավելացրել է նա: Անդրադառնալով Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայնների դուրսբերմանը` սենատորը նշել է. «Ռուսաստանի կողմից իր տեխնիկայի դուրսբերումը Վրաստանից գնահատում եմ դրական, եւ կարծում եմ, որ դա կօգնի մեծ գործերի իրականացմանը, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: