Հայաստանում որեւէ պաշտոնական մարմին կամ պաշտոնյա չհաստատեց կամ չհերքեց միջազգային լրատվական գործակալությունների հաղորդագրությունները, թե Բաթումի ռուսաստանյան ռազմակայանից հանված ռազմատեխնիկայով ու հանդերձանքով բեռնված առաջին գնացքը ժամանել է Հայաստան: Միակ արձագանքը այս առնչությամբ հնչել է մեկ շաբաթ առաջ` երբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «չի բացառել հետագայում Վրաստանում տեղակայված ռուսական զորքի տեղափոխումը Հայաստան»: «Այս պահին որեւէ որոշում կամ քննարկում այդ խնդրի շուրջ չկա, սակայն որոշման կայացման իրավունքը Հայաստանի եւ Ռուսաստանի բացառիկ իրավունքն է», – անցած չորեքշաբթի ասել էր Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ նախօրեին ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Անդրկովկասում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայացուցիչներին, տեղեկատվություն են տարածել, որ Բաթումից Հայաստան է ուղարկվել ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ մի գնացք: Մինչդեռ, այսօր Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովը հայտարարել է, որ ռազմական տեխնիկայի եւ սպառազինության դուրս բերումը Բաթումի ռուսական ռազմակայանից դեպի Հայաստան դեռեւս չի սկսվել: