Դեկտեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտերը:
Մինչև 81 կգ քաշային կարգում Նիկոլայ Հարությունովը հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող Իդրիս Շախմանովին:
Առաջին ռաունդում երկու մարզիկներն էլ գործում էին շատ ակտիվ և միմյանց երկուստեք հարվածներ էին հասցնում: Սակայն հայ մարզիկն ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց 5:2 հաշվով:
Լարված ու հետաքրքիր ստցվեց երկրորդ ռաունդը: Այստեղ Ռուսաստանի ներկայացուցիչը փորձում էր ակտիվացնել իր գործողությունները, սակայն Հարությունովը հասցրեց մի շարք հարվածաշարեր և հաշիվը հասցրեց 12:5:
Ամեն ինչ որոշվեց երրորդ ռաունդում: Հայ մարզիկը երկրպագուների բուռն աջակցության ներքո կարողացավ հաղթանակ տոնել 19:9 հաշվով և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ:
Մինչև 91 կգ քաշային կարգում Հայաստանը քիչ անց կներկայացնի Նարեկ Մելքոնյանը, որն ուժերը կչափի անգլիացի Հուգիե Լյուիս Ֆուրիի հետ:






