Շատ կարևոր մրցաշար է աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակցում էին երիտասարդ բռնցքամարտիկներ:
Բոլոր ազգային ֆեդերացիաների համար էլ կարևոր է ընդունել նման մեծ ծավալի միջոցառում, Երևանում այսպիսի կարծիք հայտնեց ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կու Վուն, որը Հայաստան է ժամանել, որպեսզի ներկա գտնվի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Ըստ ԱԻԲԱ-ի նախագահի, երիտասարդությունն է ապագան, և ԱԻԲԱ-ն կարևորում է պատանեկան ու երիտասարդական առաջնությունները. «Մոտավորապես 70 երկրի բռնցքամարտիկ է ժամանել Հայաստան, և ԱԻԲԱ-ի համար նման մեծ թվով մարզիկների մասնակցությունը շատ կարևոր է»:
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանին, քանի որ նրանք կարողացել են նման բարձր կարգի միջոցառում կազմակերպել:
«Այսօր կարևոր օր է, քանի որ եզրափակիչներն են կայանալու, ու բոլորս էլ ցանկանում ենք տեսնել, թե ովքեր են դառնալու չեմպիոններ»,- ավելացրեց Վուն:
Աշխարհի առաջնությունում 23 երկրների մարզիկներ արդեն բրոնզե մեդալներ են նվաճել, իսկ եզրափակիչ մարտերը կկայանան այսօր Երևանաի ժամանակով 14:00-ից:






