Թուրքիայում «Արարատ» ֆիլմի ցուցադրման հարցը քննարկվել է երկրի անվտանգության խորհրդի մակարդակով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրները, Թուրքիայի ԱԽ-ն բացասական որոշում է կայացրել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմի ցուցադրման առնչությամբ, որը պատմում է անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին: Թուրքիայի Անվտանգության խորհրդի եզրակացության մեջ նշվում է, որ ֆիլմում ներկայացված են թուրքերի նկատմամբ թշնամական բնույթի դրվագներ, եւ ֆիլմը կարող է ավելի մեծ բացասական արձագանք ունենալ, քան ժամանակին մեծ աղմուկ հանած հանրահայտ ամերիկացի ռեժիսոր Ալան Փարքերի «Կեսգիշերային ճեպընթաց» կինոնկարը: Թուրքական կողմին առանձնապես վրդովել է հայ կանանց նկատմամբ թուրքերի բռնությունների պատկերումը, ինչպես նաեւ թուրք զինվորականների կողմից հայերի վրա իրականացվող հարձակումները: «Արարատ» ֆիլմի ցուցադրման առնչությամբ վերջնական որոշում կկայացնի վերահսկիչ հանձնաժողովը, որի նիստին կմասնակցնի նաեւ Անվտանգության խորհրդի անդամներից մեկը: