AM
6 June 2005 - 05:38 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ TIME ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ՏԱՐԱԾԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՂ ՖԻԼՄ

Ամերիկյան հեղինակավոր Time պարբերականի վերջին համարի հավելված` DVD-ում հերքվում է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիայում պատրաստված DVD-ն տեղեկացնում է, որ «1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը ոչ թե Ցեղասպանություն էր, այլ արտաքսում, իսկ թուրքական իշխանությունները ապահովում էին վերբնակեցվող հայերին օրապահիկ հացով եւ հաճախ կերակրում էին նրանց ավելի լավ, քան նրանց ուղեկցող թուրք զինվորներին»: Ֆիլմի հեղինակները ներկայացրել են այն ժամանակվա Թուրքիայի ՆԳ նախարար Թալաաթ փաշային որպես ազգային հերոս: Ադրբեջանի ներկայացուցիչը ֆիլմում պնդում է, թե «ժամանակին թուրքերին ոչնչացրած հայերը, այժմ ոչնչացնում են ադրբեջանցիներին»: DVD-ում նշվում է , որ «հայերը մարտնչել են Հիտլերի բանակում, իսկ հետո ահաբեկչական գործողություններ են կատարել թուրք դիվանագետների դեմ»: Time-ի տարածած ֆիլմի հեղինակները ցույց են տալիս «թուրքերի եղբայրական գերեզմանները եւ եզրակացնում, որ նրանք, ովքեր պնդում են, թե ենթարկվել են ցեղասպանության, իրենք են կատարել ցեղասպանություն»: Անկարայի Առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Սինան Այգունը նախօրեին հաղորդել էր, որ դիսկի համար անհրաժեշտ 1 մլն դոլարը հավաքվել է նվիրատվությունների ձեւով: Աշխատանքը ֆիլիմի վրա տեւել է կես տարի: Time -ի տարածած ֆիլմը այս շաբաթ կդիտեն շուրջ 500 000 եվրոպացիներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: