AM
11 Դեկտեմբեր 2012 - 06:55 AMT

Հենրիխ Մխիթարյան. Կարծում եմ՝ 2013-ն ավելի հաջող տարի կլինի Հայաստանի հավաքականի համար, քան 2012-ը

«ԱԱ ընտրական առաջին խաղում լարվածություն կար, մենք ամեն կերպ փորձում էինք հաղթել, իսկ Բուլղարիայի հետ ամեն ինչ վատ դասավորվեց Հայաստանի հավաքականի համար, քանի մենք տեղի տվեցինք բուլղարացիների սադրանքներին, իսկ մրցավարը մի քանի սխալ թույլ տվեց, և դա իր բացասական հետքը թողեց խաղի ելքի վրա»,- խոստովանել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա նշել է, որ շատ մեծ ուրախություն է ապրել Իտալիայի հավաքականի դարպասը գրավելով, քանի որ կարողացել են 0-1 հաշվով պարտվելիս հավասարեցնել հաշիվը և մի ամբողջ ազգի ուրախացնել: Ըստ նրա, այդ խաղում հայ ֆուտբոլիստները կարողացել են արժանի դիմադրություն ցույց տալ:

Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղում Մխիթարյանը ազգային հավաքականի կազմում խփել է իր 10-րդ գոլը: Նրան ընդամենը մեկ գոլ է մնացել հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին հավասարվելու համար. «Երբ նոր էի սկսկում կարիերաս, իհարկե, չէի կարող մտածել, որ կկարողանամ 10 գոլ խփել: Բայց հիմա, արդեն զգալով այդ գոլերի համը, կփորձեմ ոչ թե 20, այլ նույնիսկ 30 գոլ խփել Հայաստանի հավաքականում»:

Նա նշել է, որ իր ամենագեղեցիկ գոլերը խփել է «Կրիվբասի» հետ գավաթային խաղում և Մակեդոնիայի հետ հանդիպմանը, իսկ ամենակարևորների թվում ընդգծել է Թուրքիայի երիտասարդական հավաքականի դարպասի գրավումը:

« Հավաքականի բոլոր տղաներն էլ վստահ են իրենց ուժերին և ժամանում են հավաքական՝ համոզված լինելով, որ կարող են հաղթել ցանկացած մրցակցի: Կարծում եմ՝ 2013-ն ավելի հաջող տարի կլինի, քան 2012-ը»,- ասել է նա:

Կիսապաշտպանը բոլոր ֆուտբոլիստներին մաղթել է քաջառողջություն, համբերություն և հավատ իրենց ուժերի նկատմամբ: