Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաշվետվության լսումները, որին ներկա է եղել նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հաշվետվությունը վերաբերվել է 2012 թվականին անցկացված մարզական միջոցառումներին և 2013 թվականի ծրագրերին:
Հանդիպմանը մասնակցել են հավաքականների մարզիչները և ֆեդերացիայի ներկայացուցիչները: Նրանք ներկայացրել են տեղեկատվություն այս տարի միջազգային և հանրապետական առաջնություններում հայ ըմբիշների գրանցած ձեռքբերումների, սպորտային հաջողությունների, անցկացված ուսումնամարզական հավաքների մասին: Խոսվել է նաև ըմբշամարտի զարգացմանը խոչընդոտող հիմնահարցերի մասին, որոնք վերաբերվում են մարզաբազաների վատ վիճակին և ֆինանսավորման խնդիրներին:
Ներկաները միակարծիք էին, որ ընբշամարտը մեծ պոտենցիալ ունի Հայաստանում և լավ արդյունքներ գրանցելու համար պետք է համակարգված աշխատանք պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականների հետ:
«Վաղն արդյունք ունենալու համար պետք է այսօր աշխատել և հենց այդ նպատակով շատ կարևոր է ոչ միայն մարզիկների սերնդափոխությունը, այլ նաև սահուն սերնդափոխությունը մարզիչների շրջանում: Անհրաժեշտ է հիշել, որ ցանկացած մարզաձևի զարգացման գրավականը դրա մասսայականացումն է՝ հետաքրքրության ավելացումը այդ սպորտաձևի նկատմամբ»,- նշել է Ռոստոմյանը:






