AM
11 Դեկտեմբեր 2012 - 07:01 AMT

Թիավարության ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է կանոէի ֆեդերացիայի ընդհանուր ժողովին: Ելույթ ունեցողներն իրենց մտահոգությունն են արտահայտել մարզաձևի զարգացմանը խոչնդոտող խնդիրների վերաբերյալ, որոնք են համապատասխան չափանիշներին բավարարող ջրային տարածքների բացակայությունը և մարզագույքի պակասը:

«Թիավարությունն այն մարզաձևն է, որը Հայաստանում ունի լավ ավանդույթներ: Պետք է դրանք պահպանել և զարգացնել, ինչը հնարավոր է ֆինանսական ներդրումների և կազմակերպչական աշխատանքի շնորհիվ: Նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում աջակցություն կցուցաբերի ֆեդերացիային»,-նշել է Ռոստոմյանը:

Ժողովում բավարարվել է առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրած ֆեդերացիայի գործող նախագահ Հրաչ Խուդոյանի հրաժարականի խնդրանքը: Ներկաները քննարկել և ընդունելի են համարել կիրառել համանախագահների ինստիտուտը կանոէի ֆեդերացիայի համար: Տեղի ունեցած քվեարկությամբ, միաձայն, համանախագահներ են ընտրվել Լևոն Ղազարյանը և Մելիք Եսայանը: Ընտրվել է նաև յոթ հոգուց բաղկացած մարզչական խորհուրդ և երեք հոգուց բաղկացած վերստուգիչ հանձնածողով: