Այսօր Տեբրիզում տեղի է ունեցել Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մոհամմադալի Սոբհանալլահիի հանդիպումը Իրանում Հայաստանի դեսպանի հետ, հաղորդում է Իռնան: Այդ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ առեւտրա-տնտեսական կապերի զարգացման հարցերը: Ընդ որում հատուկ ուշադրություն է դարձվել Տեբրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հեռանկարներին, շրջանցիկ տարանցիկ ճանապարհի շինարարության (Քաջարանի թունելի փոխարեն) արագացմանը եւ Հայաստանի եւ Արեւելյան Ադրբեջան նահանգի միջեւ երկաթուղու շինարարությանը, ինչպես նաեւ Հայաստանի, Իրանի եւ Հունաստանի համատեղ առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսների անցկացմանը: Հայաստանի դեսպանը նշել է, որ իր երկիրը չափազանց շահագրգիռ է Տեբրիզում գլխավոր հյուպատոսության բացման հարցում, քանի որ այդ հյուպատոսությունը կնպաստի Իրանի եւ Հայաստանի երկկողմ համագործակցության զարգացմանը, սակայն բանակցությունները այդ հարցի շուրջ կսկսվեն ԻԻՀ նոր կառավարության ձեւավորումից հետո: Սոբհանալլահին, իր կողմից, հայտարարել է, թե Արեւելյան Ադրբեջան նահանգի վարչակազմը ամեն կերպ կաջակցի Հայաստանի հյուպատոսության բացմանը Տեբրիզում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի եւ Հայաստանի համատեղ սահմանը կազմում է ընդամենը 35 կմ եւ լիովին անցնում է Արեւելյան Ադրբեջան իրանական նահանգի տարածքով: