AM
11 Դեկտեմբեր 2012 - 12:36 AMT

2013 թվականին Երևանում կկայանա Եվրոպական ուսանողական մարզական ասոցացիայի նիստը

Հայաստանի կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում պարգևատրեց լավագույն ուսանող-մարզիկներին: Այդ կոչմանն են արժանացել 14 ուսանողներ:

13-րդ հանրապետական ուսանողական խաղերը, որոնք նվիրված էին ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին, մասնակել են 20 բուհերի ուսանողներ: Նրանք ուժերը չափել են 8 մարզաձևերում`լող, բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս, կրոսավազք, մինի ֆուտբոլ և հանդբոլ: Ընդհանուր առմամբ անցկացվել է աղջիկների և տղաների 14 առաջնություն: Բոլոր առաջնություններին մասնակցել են միայն ԵՊՀ, Տնտեսագիտական և Ճարտարագիտական համալսարանները:

«Այս տարի ուսանողական մարզական ֆեդերացիան մեծ հաջողություն է արձանագրել, մենք դարձել ենք Եվրոպական ասոցացիայի անդամ: Լավագույն մարզիկներն այսուհետ հնարավորություն ունեն մասնակցելու համաուսանողական խաղերին: Մյուս տարի Երևանում կայանալու է Եվրոպական ուսանողական մարզական ասոցացիայի համանախագահության նիստը: Իսկ մեր առաջնային խնդիրը 2013 թվականի Կազանի ուսանողական խաղերին պատրաստվելն է»,- նշեց Աշոտյանը:

Նա խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ հայ մարզիկները լավ պայմաններում նախապատրաստվեն կազանյան խաղերին և արձանագրեն լավ արդյունքներ: