ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում դեկտեմբերի 11-ին իրենց հաշվետվություններն են ներկայացրել վոլեյբոլի, թաեքվանդոյի և հրաձգության ֆեդերացիաները:
Վոլեյբոլի ֆեդերացիան ներկայացրել է, թե ինչ միջոցառումներ են իրականացվել այս տարի, դրանք են՝ ուսումնամարզական հավաքների և հանրապետական մրցաշարերի կազմակերպումը, ինչպես նաև մասնակցությունը մի քանի միջազգային մրցաշարերի և առաջնությունների: Հայաստանի մարզերում ֆեդերացիան կազմակերպել է փնջային մրցաշարեր, որոնց հաղթողները մասնակցել են հանրապետական առաջնությանը: Անց է կացվել նաև լողափնյա վոլեյբոլի առաջնություն, որին հաջողությամբ մասնակցել են տղամարդկանց և կանանց թիմեր:
Թաեքվանդոյի ֆեդերացիան տեղեկացրել է ֆեդերացիայի կողմից իրականացված միջոցառումների և գրանցված ձեռքբերումների մասին: Հայ թաեքվանդոյիստները մասնակցել են եվրոպական Օլիմպիական վարկանիշային մրցաշարին` ձեռք բերելով լոնդոնյան օլիմպիական խաղերի ուղեգիր, և Լոնդոնում գրավել 5-րդ տեղը:
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքերով, հայ հրաձիգները 2012 թվականի ընթացքում մասնակցել են մի քանի միջազգային մրցաշարերի՝ Գերմանիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Ուկրաինայում : ''Այսօր լավ սերունդ է մեծանում, որին անհրաժեշտ է հաղորդակից դարձնել այս սպորտաձևի միջազգային փորձին'',- ասել է նա: Մարզական հաջողություններից գլխավոր մարզիչն առանձնացրել է Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի առաջնությունում ձեռքբերված առաջին մրցանակը, ինչպես նաև հանրապետական երիտասարդական առաջնությունում հավաքականի անդամ Հրաչ Բաբայանի սահմանած Հայաստանի նոր ռեկորդը:
2013 թվականին մեկնարկելու են միջազգային մի քանի մրցաշարեր, մասնավորապես, Ուկրաինայի բաց առաջնությունը և աշխարհի գավաթի առաջնությունը:






