AM
8 June 2005 - 08:25 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Տոկիոյում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները ստորագրել Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Փաստաթուղթը ենթադրում է ճապոնական կողմից տեխնիկական ուսուցման եւ կադրերի վերապատրաստման ոլորտում աջակցություն, անհրաժեշտ կադրերի գործուղում Հայաստան եւ այլ միջոցառումներ: Իր ճապոնացի գործընկեր Ջյունիչիրո Կոիձումիի հետ հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ «Էքսպո-2005» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային օրվա անցկացումը վկայում է այն մասին, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ: Ա.Մարգարյանը հավաստել է, որ Հայաստանը, հետեւողական է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա նաեւ գոհունակություն է հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ճապոնական փոխգործակցության բարեհաջող ընթացքից: Իր հերթին` Ձյունիչիրո Կոիձումին շնորհակալություն է հայտնել Հայաստանին` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման շուրջ ներկայումս ընթացող զարգացումներին ըմբռնումով մոտենալու եւ ԱԽ մշտական անդամ դառնալու Ճապոնիայի ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ Ճապոնիայի կառավարությունը տարածաշրջանի հակամարտությունների նկատմամբ անկողմնակալ դիրքորոշումը կպահպանի նաեւ հետագայում: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին` Անդրանիկ Մարգարյանը կարեւորել է սեյսմոլոգիայի ոլորտում համագործակցությունը, որտեղ ե՛ւ հայ, ե՛ւ ճապոնացի գիտնականները զգալի հաջողություններ ունեն: Կողմերը կարեւորել են նաեւ հունիսի 24-ին Մոսկվայում հայ-ճապոնական բիզնես-համաժողովի կազմակերպումը: Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան` նրան հարմար ժամանակահատվածում: