AM
9 June 2005 - 04:48 AMT

Վ.ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԻՐ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ Դ.ԱԹԿԻՆՍՈՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

«Ես գտնում եմ, որ քիչ եմ քննադատել Եվրոպայի Խորհրդի Լեռնային Ղարաբաղի գծով համազեկուցող Դեւիդ Աթկինսոնին, նա ավելիին է արժանի»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիորվը, հաղորդում է Day.az-ը: Նրա խոսքերով, Դեւիդ Աթկինսոնը սահմանափակվել է իր զեկույցում միայն մակերեսային խնդիրներով` այսինքն մի շարք ադրբեջանական շրջանների գրավմամբ եւ տեղահանված անձանց ծանր կացությամբ: Նա չի ցանկացել խորանալ զինված հակամարտության էության մեջ: «Եթե նա ցանկանար ավելի խորը փորել, շատ հարցեր կառաջանային. ինչպե՞ս այդ ամենը պատահեց, ինչու՞ այդքան երկար ժամանակ չէին դադարում ռազմական գործողությունները եւ չէին կատարվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Չէ որ ոչ մի գրավում եւ տեղահանություն կարող էր եւ չլինել, եթե հակամարտությունը լուծվեր իրավական դաշտում քաղաքական միջոցներով: Փաստաթուղթը կազմավծ է այնպես, որ առիթ է տալիս Բաքվին լուծելու խնդիրը ուժային միջոցներով: Այդ պատճառով, հայերը կամ ավելի խորամանկ են, կամ ավելի կառուցողական: Եվ այդ ամենի մեջ ես տեսնում են Աթկինսոնի ոչ իրավասու լինելը, որը չի ցանկացել լրջորեն թափանցել հակամարտության էության մեջ»,-ընդգծել է Վ.Կազիմիրովը: Սակայն, ավելացրել է նա, պետք է չէ մոռանալ, որ ԵԽԽՎ որոշումը կրում է խորհրդատվական բնույթ, իսկ այս հակամարտության կողմերը չեն կատարել նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ պարտադիր որոշումները: Բացի այդ, երկարատեւ տեղեկատվական, իսկ ավելի ճիտ ապատեղեկատվական պատերազմի շնորհիվ, ղարաբաղյան հակամարտությունը այնքան առասպելներով, կեղծ գաղափարներով է պարուրվել, որ նորերը քիչ բան են փոխում: