(?)Հայաստանի հավաքական:
(!)Թիմում հիանալի մթնոլորտ է, բոլորի հետ էլ ես շատ մտերիմ եմ, դա էլ հիմնական պատճառներից է, որ մենք նման արդյունքի ենք հասել: Հայաստանի հավաքականում խաղալը մեծ ուրախություն է, ինձ համար մեծ պատիվ է, որ կարողանում եմ իմ պարտիաներով օգնել լավ արդյունքի հասնել:
(?)Արշակ Պետրոսյան:
(!)Արշակ Բագրատիչին շատ վաղուց գիտեմ, մեր թիմի մարզիչը միայն նման մարդ կարող էր լինել: Նա ամեն իրավիճակում կարողանում է ճիշտ բառեր գտնել ու ոգևորել: Նա մեզ համար իդեալական մարդ է և մարզիչ:
(?)Սլովակիայի հավաքական:
(!)Մի քանի տարի հանդես եմ եկել այնտեղ և հիմա էլ միշտ հետևում եմ հավաքականի ելույթներին: Սլովակիայի հավաքականն ուրիշ հավակնություններ ունի, այնտեղ գրեթե պրոֆեսիոնալ խաղացողներ չկան: Ես առաջին տախտակի մոտ էի խաղում, և 15-րդ տեղն անգամ լավ արդյունք էր համարվում մեզ համար: Տղաների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ:
(?)Լևոն Արոնյան:
(!)Լևոնի դեմ առաջին անգամ 1996 թվականին ենք խաղացել, և ես զիջել եմ: Լևոնը մեզ համար ամենակարևոր խաղացողներից մեկն է, նա մեր առաջատարն է, բոլորիս շատ է օգնում և մոտիվացնում: Առանց նրա դժվար մեր թիմը կարողանար նման արդյունքների հասնել: Լևոնը իմ լավագույն ընկերներից է, ես շատ ուրախ եմ, որ նա ժամանակ է գտնում թիմի համար, մենք էլ ցանկանում ենք նրան օգնել, որ հասնի իր նպատակներին:
(?)Աշխարհի թիմային չեմպիոն:
(!)Շատ հետաքրքիր մրցաշար էր ինձ համար, Հայաստանի հավաքականում առաջին անգամ էի հանդես գալիս: Հավաքականում ավելի լավ մեկնարկի մասին չէի էլ կարող երազել: Ես մեր հավաքականի հետ դարձա աշխարհի թիմային չեմպիոն և վերջին տարիներին ցույց տվեցի իմ ամենալավ արդյունքներից մեկը:

(?)Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող:
(!)Օլիմպիադայի վարկանիշն ավելի բարձր է, քան աշխարհի առաջնությանը: Այն Թուրքիայում էր անցկացվում, երևի այդ պատճառով էր, որ մեզ համար հատուկ նշանակություն ուներ: Մեր թիմը լավագույն մարզավիճակում չէր, բայց մեզ հաջողվեց հասնել հաղթանակի:
(?)Թիմային շախմատ:
(!)Բացի հավաքականից շատ եմ մասնակում նաև ակումբային մրցաշարերի: Եղել է նաև, որ մեկ տարվա ընթացքում 6 լիգաներում եմ խաղացել: Հիմա մասնակցում եմ Ռուսաստանի, Գերմանիայի և Չեխիայի առաջնություններին: Շախմատը անհատական խաղ է, բայց թիմային մրցաշարերն ինձ համար շատ հետաքրքիր են: Լավ արդյունքի դեպքում ուրախությունը կարելի է բազմապատկել:
(?)Սիրած խաղաքար:
(!)Չունեմ, յուրաքանչյուր խաղաքար իր նպատակն ունի, բոլորը հավասար են ինձ համար:
(?)Շախ:
(!)Շատ կարևոր է հենց սկզբից այն հասկանալը, հատկապես, երբ նոր ես սովորում շախմատ: Այն խաղի կարևոր մասերից է: Շախից հետո հնարավորություններդ ավելի քիչ են:

(?)Քո խաղաոճը:
(!)Ժամանակակից շախմատում յուրաքանչյուր շախմատիստ պետք է ունիվերսալ լինի, բայց, չնայած դրան, մենք ունենք միայն մեզ հատուկ ոճ: Ես սիրում եմ դինամիկ դիրքեր ստանալ:
(?)Հաղթանակ:
(!)Ամեն խաղացողի համար այն հիմնական նպատական է: Մենք աշխատում ենք հետաքրքիր կերպով հասնել դրան, սակայն միշտ չէ, որ ստացվում է:
(?)Զուգախաղ:
(!)Պարտիայի ընթացքում քո զուգընկերոջ հետ չես շփվում , դրանում էլ կայանում է դժվարությունը: Մարդիկ մտածում են, որ երկուսով ավելի հեշտ է խաղալ, սակայն այդքան էլ ճիշտ չէ: Կարևոր է մտածածը շարունակել ու զարգացնել:
(?)Սկզբնախաղ:
(!)Լավ սկզբնախաղը առավելություն է տալիս, այն ժամանակակից շախմատի կարևոր մասերից մեկն է: Առանց լավ սկզբնախաղի շատ դժվար է հաղթական միավոր վաստակել:
(?)Ընտանիք:
(!)Ընտանիքս ուժ է տալիս ինձ, օգնում հասնել հաջողության: Առանց ծնողներիս օգնության ես չէի լինի այն, ինչ կամ: Հայրիկս է ինձ շախմատ խաղալ սովորեցրել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան:

(?)Լեզուների իմացություն:
(!)8,5 լեզու գիտեմ (ծիծաղում է): Բախտս բերել է, որ ես Թբիլիսիում եմ ծնվել և հայերեն, ռուսերեն ու վրացերեն լեզուներով սկսել եմ խոսել դեռ փոքր տարիքից: Այնուհետև տեղափոխվեցինք Եվրոպա, և ես սովորեցի չեխերեն և սլովակերեն, դրանք մի քիչ են իրարից տարբերվում, դա այն կեսն է, որը ես չեմ հաշվում: Խոսում եմ նաև անգլերեն ու գերմաներեն, իսկ խորվաթերենը և լեհերենը մի քանի շաբաթվա ընթացքում եմ սովորել: Որ լեզվով խոսում եմ այդ պահին, այն լեզվով էլ մտածում եմ:
(?)Թբիլիսի:
(!)Շատ գեղեցիկ և ինտերնացիոնալ քաղաք է, այն շատ է օգնել ինձ: Հիմա քաղաքը շատ է փոխվել, բայց ես էլ նույնը չեմ մնացել: Այն միշտ էլ յուրահատուկ ազդեցություն է ունեցել մարդկանց վրա: Օլիմպիադայից առաջ Լևոն Արոնյանի հետ Թբիլիսիում մի քանի օր ժամանակ ենք անցկացրել: Այնտեղ հիմա էլ տուն ունենք, բայց ոչ ոք չի բնակվում:
(?)Հայկական կոնյակ:
(!)Շատ լավն է հայկական կոնյակը, թեև ես կոնյակ խմելու մեծ պրակտիկա չունեմ: Ես «Նաիրի» եմ նախընտրում, երևի այն պատճառով, որ համով այն նման է վիսկիի, իսկ վիսկի ես շատ եմ սիրում:






