AM
10 June 2005 - 04:58 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը (ԱՀԴՀ) հունիսի 5-ին ցույց է կազմակերպել Վաշինգտոնի թուրքական դեսպանատան առջեւ` բողոքելով Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կառավարության վարած ուրացման քաղաքականության դեմ: Ցույցը զուգադիպել է թուրք-ամերիկյան խորհրդի ամենամյա եռօրյա ժողովի նախօրյակին կազմակերպված ընդունելության հետ, որին մասնակցել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ: Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներն ընդունելության մասնակիցներին թռուցիկներ են բաժանել` հայտնելով, որ թուրք-ամերիկյան խորհուրդը «ձեր լավ անունն օգտագործում է` ուրանալու համար Ցեղասպանությունը»: ԱՀԴՀ անդամ Արսինե Խաչիկյանն այդ առիթով հայտարարել է, թե բողոքի ցույցն ուղղված էր նաեւ ԱՄՆ ղեկավարներին, րոնց հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել, որ նրանք ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հիմնեն արդարության եւ ճշմարտության վրա, հաղորդում է «Երկիր» թերթը: