AM
10 June 2005 - 08:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ PSOM-Ի ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԱԾ 33-ՐԴ ԵՐԿԻՐՆ Է

Հայաստանը Նիդեռլանդների զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության ծրագիրի` PSOM-ի վերաբերյալ համաձայնագիր ստորագրած 33-րդ երկիրն է: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների համագործակցության զարգացման նախարար Վան Արդենը: Նրա խոսքերով, սա նրա առաջին այցն է Հայաստան, սակայն Հայաստանի տնտեսության չափազանց դրական գնահատականը Համաշխարհային բանկի կողմից բավարար է համապատասխան եզրակացություններ անելու համար: Ըստ փաստաթղթի, Հայաստանում կիրականացվի Նիդեռլանդների կառավարության զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության ծրագիրը, որի հիմնակն նպատակն է մասնավոր հատվածի զարգացումը` Հայաստանի եւ Նիդեռլանդների գործարար շրջանակների միջեւ տնտեսական համագործակցության խրախուսման միջոցով: Ըստ Արդենի, հենց կենսունակ մասնավոր հատվածն է երկրի տնտեսության կայուն զարգացման հիմքը: Նրա խոսքերով, արդեն կան հոլանդացի գործարարներ, որոնք ցանկանում են ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, մասնավորապես այգեգործության, սննդի վերամշակման, ենաթկառուցվածքների ոլորտում: Իր հերթին Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշելէ, որ այդ ծրագրով նախատեսվում է 48 մլն եվրոն բաշխել 42 երկրների միջեւ: Նրա խոսքերով, լավագույն ծրագրերը, իսկ դրանք տարեկան կազմում են 1-2 ծրագիր, կֆինանսավորվեն 500 հազար եվրոյի չափով: Ինչպես նշել է նախարարը, 1998 թվականից Հայաստանում իրականացվել են տարբեր ծրագրեր Նիդեռլանդների աջակցությամբ: Նրա խոսքերով, 2003 թվականին ծրագրեր են իրականացվել Հայաստանի Արարատի մարզում 1,5 մլն եվրո արժողությամբ, Լոռիյում` 0,9 մլն եվրո արժողությամբ եւ այլ ծրագրեր: Նա նաեւ նշել է, որ Նիդեռլանդների կառավարությունը տարեկան Հայաստանին է տրամադրում 4,7 մլն եվրո որպես դրամաշնորհ, որը հաջորդ տարվանից կկազմի 5 մլն: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Նիդեռլանդների համագործակցության զարգացման նախարար Վան Արդենը: