AM
14 Դեկտեմբեր 2012 - 09:28 AMT

Տրապիզոնում կայացած K-1 աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճել է թիմային գավաթ

Տրապիզոնում կայացած K-1 աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն արժանացել է թիմային գավաթի: 6 մարզիկներով մասնակցած ընտրանու կազմում բոլորն էլ նվաճել են ոսկե մեդալներ:

«Առյուծների մարտարվեստների ակումբի» նախագահ Արմեն Սապոնջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թիմային պայքարին մասնակցելու համար անհրաժեշտ էր ելույթ ունենալ նվազագույնը 6 հոգով, այդ պատճառով էլ ինքն ու K-1 ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Փոռեյանը ևս ելույթ են ունեցել գավաթի խաղարկությունում: Նրանք մեկական մարտ են անցկացրել ու հաղթող դարձել: Գավաթի խաղարկությանը մասնակցել են մոտավորապես 60 երկրների մարզիկներ:

Հավաքականի կազմում ելույթ են ունեցել նաև Հայկ Վարդանյանը (51 կգ), Վրեժ Ադամյանը (58 կգ), Կարապետ Ոսկանյանը (70 կգ) և Արթուր Կիրակոսյանը (63 կգ):

«Թիմը համալրելու համար անցկացրել ենք մի քանի մրցաշարեր, որպեսզի հրավիրենք ամենաուժեղ մարզիկներին:

Թուրքիայում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Կազմակերպիչներն այնպես էին արել, որ մեր մարզիկների ելույթները միաժամանակ ընթանան տարբեր գորգերում, և մենք չկարողանանք հետևել նրանց ելությներին: Մեր մարզիկներին նաև թույլ չէին տալիս անգամ նախավարժանք կատարել: Բայց նրանք շատ ուժեղ էին և բոլորն էլ փայլուն հաղթանակներ են տոնել»,- ասել է Սապոնջանյանը:

Կարապետ Ոսկանյանն էլ խոստովանեց, որ շատ էր ցանկանում Տրապիզոնում անպայման հաղթել և հնչեցնել Հայաստանի օրհներգը: «Ես հաղթել եմ ադրբեջանցի մարզիկի, որը իր տարիքից ավելի ցածր կարգում էր հանդես գալիս և քաշով էլ ինձանից ավելի ծանր էր: Ուրախ եմ, որ կարողացա Թուրքիայում բարձրացնել մեր եռագույնը»,-ընդգծեց մարզիկը: