Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Թուրհան Չյոմեզի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր եւ կողմերը միմյանց հավաստեցին բաց քննարկումների միջոցով փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելու պատրաստակամությունը: Այդ առնչությամբ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը կողմնակից է իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների եւ գտնում է, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները պիտի լուծվեն համատեղ քննարկումների ճանապարհով. «Պետք է լուծել առկա խնդիրները, այլ ոչ թե կռվել դրանց դեմ», -հայտարարել է Ա.Բաղդասարյանը: Հայաստանի խորհրդարանի նախագահը կոչ արեց հարաբերությունները կառուցել առաջ նայելով` համարձակություն ունենալով ընդունել ցեղասպանությունը եւ առաջ գնալ` հիմք ընդունելով համատեղ եվրաինտեգրման ճանապարհը: Ինչպես նշեց Ա.Բաղդասարյանը, Հայաստանն ակնկալում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումն իբրեւ հիմք` հետագա հարցերը քննարկելու համար: Նշվեց նաեւ, որ Հայաստանը դեմ չէ Եվրամիության անդամ հարեւան ունենալուն, եթե բացառվեն երկակի ստանդարտները: «Մեզ համար ցեղասպանություն եղել է, թե չի եղել` հարց գոյություն չունի, եւ մենք գտնում ենք, որ անցյալը չմոռանալով, պետք է առաջ գնալ ու մտածել ապագայի մասին,- հայտարարել է Բաղդասարյանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Թուրքիայից հողային պահանջի մասին որեւէ հիշատակում չկա: