Մի քանի շաբաթից ԱՄՆ Կոնգրեսում կրկին կքննարկվի Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը, որի հեղինակն է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Առաջիկա շաբաթների ընթացքում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը կներկայացնի նոր բանաձեւ` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին», – հայտարարել է Ադամ Շիֆը: Կոնգրեսականները, ովքեր փորձում էին ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ներկայացնել համապատասխան հանձնաժողովներում, չէին կարողանում ներկայացնել այն` ապահովելով քննարկում ու քվեարկություն: Օրերս ձեռք բերված համաձայնությունը հնարավորություն կտա Ադամ Շիֆին քննարկում եւ քվեարկություն անցկացնել իր հեղինակած բանաձեւի շուրջ: Վերջին անգամ նման քվեարկություն միջազգային հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել հինգ տարի առաջ: Մինչ այդ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի անդամ Ադամ Շիֆը երկու օրենսդրական լրամշակում էր ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դրանցից մեկը արձանագրում էր Հայոց ցեղասպանության իրողությունը, մյուսը` դատապարտում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Կոնգրեսի հանձնաժողովը, սակայն, հրաժարվել էր քննարկել օրենսդրական լրամշակումները: Ադամ Շիֆը համաձայնել էր հանել իր լրամշակումները` պայմանով, որ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ընդունի իր մշակած նոր բանաձեւը: Կոնգրեսականի խոսքերով, այդ համաձայնությունը չի երաշխավորում հանձնաժողովի նախագահի կամ անդամների աջակցությունը: Սակայն, վերջին հինգ տարվա ընթացքում խոչընդոտը հենց լսումներ եւ քվեարկություն անցկացնելու հնարավորություն ստանալն էր: «Այս հնարավորությունն արդեն տրված է», – նշել է Ադամ Շիֆը: «Բանաձեւը ներկայացնելու է Հայոց ցեղասպանության պատմությունը, նշվելու է, որ անցած դարի առաջին ցեղասպանության ընթացքում ծրագրված կերպով 1,5 մլն հայեր են սպանվել: Բանաձեւում նշվելու է նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչում է ցեղասպանությունը», – ավելացրել է կոնգրեսականը, նշում է «Ազատություն» ռադիոկայանը: