ԱՄՆ-ի հասցեին հնչող մեղադրանքները հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխություններին» մասնակից լինելու մասին անհիմն են: Այդ մասին, հանդես գալով զեկույցով Երեւանի Ամերիկյան համալսարանում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «Կարդալով «վարդագույն, նարնջագույն եւ այլ հեղափոխություններին» վերաբերող հրապարակումներ, թվում է, թե ԱՄՆ դեսպանատները վերածվել են այդ գործընթացները հրահրող կենտրոնների, ծախսելով դրա համար միլիոնավոր դոլարներ: Մեզ չեն մեղադրում միայն այն բանում, որ մենք մարդկանց բռնի կերպով նստեցնում ենք վագոնները եւ տանում էշելոններով աշխարհի մյուս ծայրը, սակայն, թվում է, շուտով գործը կհասնի նաեւ դրան: Սակայն, լիովին ակնհայտ է, որ բոլոր այդ մեղադրանքները անհիմն են»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Ջոն Էվանսը անդրադարձել է նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման գործընթացին Հայաստանում` բնութագրելով այդ գործընթացի սկիզբը որպես «բարենսպաստ»: Նրա խոսքերով, ազատության եւ ժողովրդավարության հիմնական սկզբունքները տեղ են գտել հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության մեջ: Դեսպանը նշել է նաեւ, որ չնայած որոշակի առաջընթացի, անհրաժեշտ է առաջիկայում եւս ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները երկրում: «ԱՄՆ-ն շարունակում է նվիրված մնալ Հայաստանին` նրա կառավարությանը, դատարաններին, խորհրդարանին, քաղաքական կուսակցություններին եւ քաղաքացիներին աջակցելու քաղաքականությանը` ժողովրդավարական ինստիտուտների կառուցման, ամրապնդման եւ կատարելագործման հարցում»,-նշել է դեսպանը` ավելացնելով, որ մոտակա տարիներին, մինչեւ 2007-2008թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները ԱՄՆ կառավարությունը ակտիվորեն կհամագործակցի հայ գործընկերների հետ այդ ուղղությամբ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: