Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել ԱՄՆ-ին ավելի ակտիվորեն ներգրավվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման գործում, հատկապես` ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայաստանի հետ սահմանը վերաբացելու հարցում: «Միացյալ Նահանգները այս հարցում ակտիվ է, սակայն մենք կուզենայինք Վաշինգտոնին տեսնել ավելի ներգրավված», – հայտարարել է Վարդան Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ կայացած հանդիպումից հետո: «Ես հավատում եմ, որ ԱՄՆ-ն կարող է ավելի հետեւողական լինել սահմանի վերաբացման հարցում»,-ավելացրել է նա: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: «Արգենտինան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը եւ Ռուսաստանը ցեղասպությունը ճանաչած երկրների շարքում են, սակայն նախագահ Բուշի վարչակարգը շարունակում է կասկածանքով վերաբերվել դրան: Թուրքիան չպետք է մինչեւ հարաբերությունների վերականգնումը խուսափի այդ հարցից»,-ավելացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգերը պետք է Անկարային մղի նրան, որ վերջինս ձգտի կամուրջ լինել ոչ միայն Արեւելքի եւ Արեւմուտքի, այլեւ` Եվրոպայի տարբեր մասերի միջեւ: «Հայաստանը եւ Թուրքիան պատերազմի մեջ չեն: Մենք խնդիրներ չունենք այդ երկրի հետ: Մենք պատմական տարաձայնություններ ունենք: Պատմական տարբերություններ ունեն Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնց մասին նրանք խոսում են սակայն սահմանները չեն փակում», – ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: