Սթրասբուրգում հունիսի 20-24-ին նախատեսվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակներում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնախմբի առաջին նիստի անցկացումը: Այս մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Խորհրդարանականն անհնար է գտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարինումը ԵԽԽՎ տվյալ ենթահանձնախմբով: «Դա բացարձակ այլ ձեւաչափ է: Եվրախորհուրդը հանձն չի առնի բանակցային գործընթացում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ ֆունկցիաները»,- ասել է Ա.Մոլլազադեն: Նա նշել է, որ ԵԽ-ն ուշադրությունը կհատկացնի միայն իր սեփական իրավասացության տակ գտնվող հարցերին, հատկապես` հակամարտության արդյունքում տեղահանվածների իրավունքի խնդիրներին եւ օրենքի գերիշխանության ապահովմանը, մասնավորապես, կարգավորման իրավական ասպեկտներին: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը նույնպես չի գտնում, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնախումբը կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Չեմ կարծում, որ այդ ենթահանձնախումբը կարող է փոխարինել Մինսկի խմբին որպես բանակցային ձեւաչափ»,- ասել է քաղաքագետը: Ինչպես եւ Մոլլազադեն, Թ. Զուլֆուգարովը գտնում է, որ տվյալ դեպքում ԵԽԽՎ այդ ենթախմբի աջակցությամբ կարող է նախաձեռնվել ղարաբաղյան հիմնախնդրի հումանիտարական խնդիրների քննարկումը: Մասնավորապես, «հումանիտարական արհավիրքի, որին հանդիպել է Ադրբեջանը` Հայաստանից շուրջ մեկ միլիոն փախստականների եւ բռնի տեղահանվածների առկայության եւ ադրբեջանական տարածքների գրավման արդյունքում»: Հարկավոր է նշել, որ ենթախմբում, բացի շահագրգիռ կողմերից, ընդգրկվել են նաեւ վեց երկրների ներկայացուցիչներ` Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ԵԽԽՎ կոմիտեների նախագահները: Այդ կառույցի անդամներ են նաեւ ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի համազեկուցողներ Անդրեաս Գրոսը եւ Անդրես Հերկելը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցերով զեկուցող Դեւիդ Աթկինսոնը: