AM
14 June 2005 - 07:34 AMT

ՑՅՈՒՐԻԽՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Թուրք խորհրդարականները Բերնում հանդիպել են Շվեյցարիայի արտաքին քաղաքական հանձնաժողովի մշտական խորհրդի նախագահ Պետեր Բրիների հետ, տեղեկացնում է «Blick online»-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել է թուրք-շվեյցարական հարաբերություններում երկպառակություն առաջացրած հայկական հարցը:Կողմերը քննարկել են նաեւ թուրք պատմաբան Յուսուֆ Հալաչօղլու դեմ քրեական գործընթացը: Նշենք, որ Ցյուրիխի արդարադատության նախարարությունը հետաքննում է թուրք պատմաբան Յուսուֆ Հալաչօղլու նկատմամբ գործը, որը կասկածվում է ռասիզմի մեջ: Բանասիրական գիտությունների պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուն 2004 թվականի մայիսի 2-ին շվեյցարական Վինտերտուր քաղաքում իր զեկույցում հերքել է Հայոց ցեղասպանությունը: Վինտերտուրի դատախազությունը հետաքննություն է սկսել Հալաչօղլու նկատմամբ` կասկածելով վերջինիս ռասիզմի մեջ: Այժմ գործը հետաքննվում է Ցյուրիխում: Դրան հետեւել է թուրք բարձրաստիճան անձանց` Շվեյցարացի պաշտոնյաների հետ հանդիպելուց հրաժարվելը: Մասնավորապես, Թուրքիայի առեւտրի նախարար Քյուրշաթ Թյուզմենը հրաժարվել է հանդիպել Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Յոզեֆ Դայսի հետ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա անցյալում բազմիցս են բռնկվել լարվածություններ Թուրքիայի եւ Շվեյցարիայի միջեւ` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով: Ներկայումս նախատեսված է թուրքական պատվիրակության հանդիպումը Շվեյցարիայի արտգործնախարարի եւ դաշնային խորհրդականի հետ: