ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Իրանի կրթության եւ դաստիարակության նախարար Մորթեզա Հաջիին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական ու գիտական համակարգերի համագործակցության խնդիրներ: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կապերի խորացման անհրաժեշտությունն ու համագործակցության կոնկրետ ծրագրերի ստեղծումը: Կարեւորվել է գիտական կենտրոնների ու բուհերի համագործակցությունը, որին կնպաստի այն փաստը, որ երկու երկրների նախարարությունների միջեւ ստորագրած համաձայնագրի համաձայն` Հայաստանում ճանաչվում են իրանական բուհերի դիպլոմները, Իրանում` հայկականը: Կողմերը քննարկել են նաեւ գիտաժողով կազմակերպելու հնարավորությունը, որտեղ երկու երկրների բուհերի ղեկավարները կապերի հաստատման ու համագործակցության ծրագրերի մշակման հնարավորություն կունենան: Արթուր Բաղդասարյանը եւ Մորթեզա Հաջին անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական կապերի խորացման խնդրին` նշելով, որ շփումները հետագա արդյունավետ համագործակցության սկիզբն են: