Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր Երեւանում հանդիպել է Իրանի կրթության եւ դաստիարակության նախարար Մորթեզա Հաջիին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Անդրանիկ Մարգարյանը իր ցավակցությունը հայտնելով վերջին օրերին Թեհրանում, ինչպես նաեւ իրանական Խուզիստան նահանգում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին` նշել է, որ իր համոզմամբ այդ ամենը չի կարող խոչընդոտել հունիսի 17-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների բարեհաջող անցկացմանը: Կարեւորելով Իրանի հետ մեր երկրի երկկողմ, բազմակողմ ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը` Ա.Մարգարյանն ընդգծել է, որ դրան զգալիորեն նպաստում են ինչպես տարբեր մակարդակի փոխայցելությունները, այնպես էլ Հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում վերջին տարիներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների որոշակի աճ է արձանագրվել: Կողմերը կարեւորել են նաեւ երկու երկրների սահմանամերձ շրջանների` մասնավորապես, Սյունիքի մարզի (Հայաստան) եւ Արեւելյան Ատրպատականի նահանգի (Իրան) միջեւ կապերի ու շփումների առավել ակտիավացումը: Ա.Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Մորթեզա Հաջիի այս այցը եւս նոր խթան կհանդիսանա երկու երկրների եւ ժողովուրդների համագործակցության զարգացման, մասնավորապես, կրթության եւ գիտության ոլորտում փոխշահավետ գործակցության հետագա խորացման համար: Կողմերը նշել են, որ նախարարիՀայաստանի եւ Իրանի գիտակրթական գերատեսչությունների միջեւ կրթության ոլորտում 2005-2008թթ. համագործակցության մասին` մասնավորապես, դիպլոմների եւ ուսումնական վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ ստորագրվելիք «Փոխըմբռնման հուշագիրը», ինչպես նաեւ մոտ ժամանակներս Երեւանում եւ Թեհրանում բացվելիք գիտական կենտրոնները կնպաստեն կապերի հաստատմանը երկու երկրների բուհերի միջեւ, ինչպես նաեւ հայ-իրանական գիտակրթական կապերի ու հարաբերությունների հետագա սերտացմանն ու խորացմանը: