AM
15 June 2005 - 05:06 AMT

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱԶԴԻ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանն այսօր Երեւանում ընդունել է Իրանի կրթության եւ դաստիարակության նախարար Մորթեզա Հաջիին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-իրանական արդի փոխհարաբերությունների առիթով եւ կարեւորել դրանք նոր ուղություններով համալրելու անհրաժեշտությունը: Մասնավորապես խոսվել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը զուգահեռ գիտակրթական եւ սոցիալական ոլորտներում եւս գործակցությունն ընդլայնելու եւ այդ նպատակով նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հնարավորություններն օգտագործելու մասին: Արտաշես Թումանյանը նշել է, որ որքան ընդլայնվեն համագործակցության բնագավառներն, այնքան կամրապնդվեն հայ-իրանական միջպետական կապերը, եւ փաստը, որ մի շարք նախարարություններ արդեն երկկողմ գործընկերություն են հաստատել, եւս վկայում է մեծ հեռանկարներ ունեցող համագործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաեւ Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու նախաձեռնությանը, որը գնահատվել է որպես նոր հնարավորություններ ընձեռելու կարեւոր նախադրյալ: Խոսելով Իրանում անցկացվելիք նախագահական ընտրությունների մասին` Մորթեզա Հաջին վստահություն է հայտնել, որ ցանկացած թեկնածուի ընտրվելու դեպքում հայ-իրանական հարաբերություններում եւ համատեղ ծրագրերում փոփոխություններ չեն լինի, եւ եթե լինեն, ապա միայն առաջընթացի առումով: