Լեռնային Ղարաբաղում նույն արժեքային համակարգն է, ինչ որ կա Եվրոպայում, եւ Եվրոպային մերձենալու մշակութային, աշխարհայացքային հիմքն առկա է: Այդ մասին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: «Բայց պետք է հստակ գիտակցենք, որ ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն չէ: Երբ խոսվում է եվրաինտեգրման մասին, չի ակնկալվում, որ մոտակա 10-15 տարվա ընթացքում Հարավային Կովկասի երկրները կդառնան, օրինակ, ԵՄ անդամ: Նույնիսկ Թուրքիայի մասով այդ գործընթացը դեռ չի սկսվել: Այսօր կասկածի տակ է դրվում անգամ Անկարայի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը: Այն փաստը, որ Եվրասահմանադրությունը տապալվեց Ֆրանսիայում եւ Հոլանդիայում նշանակում է, որ եվրաինտեգրման գործընթացը Եվրոպայում արդեն խնդիրներ ունի: Կարծում եմ, որ ավելի խելամիտ կլինի ուղղակի նախապայմաններ ստեղծել եվրաինտեգրման համար, որ երբ պահը գա, կարողանանք ակտիվորեն այդ գործընթացին մասնակցել: Այսօր դեռ վաղ է լավատեսական կանխատեսումներ անելը»,-ամփոփել է Արման Մելիքյանը: