Հաճախ եւ ադրբեջանցիները, եւ հատկապես թուրքերն ասում են, որ քանի դեռ կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, քանի դեռ հայկական զինված ուժեր կան ԼՂ տարածքում, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը շատ մշուշոտ է, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը` եւս: Այդ մասին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: «Ես կարծում եմ, որ այդ պնդումն արվում է բոլորովին այլ շահեր քողարկելու համար: Ես համոզված եմ, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանը փակ պահելու խնդիրը օգտագործում է իր` ԵՄ անդամ պետությունների հետ բանակցություններում որոշակի առավելություններ ձեռք բերելու նպատակով: ԵՄ երկրների կողմից էլ արծարծվում է, օրինակ, Հայոց ցեղասպանության` Թուրքիայի կողմից ճանաչվելու անհրաժեշտության խնդիրը: Այսինքն` հայերիս համար կարեւոր երկու խնդիր դարձել է Թուրքիա-Եվրոպա բանակցությունների, առեւտրի առարկա: Հայկական կողմն էլ պետք է հենց այդ տեսանկյունից փորձի դիտարկել հարցը: Չունենալով ավելորդ պատրանքներ` փորձենք մեր հնարավորություններն օգտագործել շահեկան վիճակ ձեռք բերելու համար»,-ամփոփել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: