Տարիներ շարունակ պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,աշխարհի և եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված հաշմանդամ մարզիկները Հայաստանի կառավարության կողմից չեն պարգևատրվել: Սակայն 2012 թվականից «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին,մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունից հետո այսուհետ հաշմանդամություն ունեցող մարզիկները նույնպես պարգևատրվելու են, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Այս տարի տարեվերջյան մարզական արդյունքների ամփոփման ժամանակ դրամական պարգևներով կպարգևատրվեն նաև խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճում հանդես եկած 3 մարզիկներ`55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սարգիս Սարգսյանը, աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր Հովհաննես Հարությունյանը և 84 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր Նարեկ Նիկողոսյանը:






