AM
16 June 2005 - 06:55 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶԱԿՆԵՐԸ «ՄՏԱԴԻՐ ԵՆ ՕԳՆԵԼ ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

Ադրբեջանի կազակների հայրենակցությունը դիմել է հանրապետության նախագահին` խնդրելով Ազգային բանակում ստեղծել կազակների առանձին գումարտակ: Կազակներին աջակցություն են հայտնել Բաքվի պատգամավորները: ԱԿՀ ղեկավարությունը չի թաքցնում, որ տվյալ նախաձեռնությամբ հանդես գալը նրանց դրդել է Ռուսաստանի Պետդումայի որոշումը, որը մայիսի 18-ին` Դոնի կազակների մայրաքաղաք Նովոչերկասկի 200-ամյակի օրը, առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռուսաստանի կազակների պետական ծառայության մասին» օրինագիծը, որն, ի դեպ, պատգամավորների քննարկմանն է ներկայացվել Վլադիմիր Պուտինի կողմից: Այդ փաստաթութը ենթադրում է Ռուսաստանի կազակների ծառայությունը Զինված ուժերում: Միավորումներին, որտեղ նրանք կընդգրկվեն, կտրվեն ավանդական կազակական անվանումներ: ԱԿՀ նախագահ Վիկտոր Մերեշկինը բացատրել է, որ Ադրբեջանի կազակները ուսումնասիրել են այդ օրինագիծը եւ խնդրել է Իլհամ Ալիեւին այդպիսի գումարտակ էլ ստեղծել Ադրբեջանում: «Մենք պատրաստ ենք ամեն ինչի, որպեսզի օգնենք երկրի ղեկավարությանը լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը: Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին ոչ միայն դե-յուրե, այլեւ դե-ֆակտո»,- ասել է Մերեշկինը: Նրա խոսքերով` Ադրբեջանում կա 1,5 հազար կազակ: Նա տեղեկացրել է, որ կազակների կանոնադրության համաձայն` կազակների գումարտակում կարող են ծառայել այլ ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ադրբեջանցիներ: Բաքվի խորհրդարանականներն արդեն հայտնել են ԱԿՀ նախաձեռնությունն աջակցելու իրենց պատրաստակամության մասին: Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Մաիս Սաֆարլին կոչ է արել օրինականացնել տեղի կազակների գործունեությունը: «Վիկտոր Մերեշկինը կռվել է ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից: Եվ նրա ղեկավարության ներքո եղած բոլոր կազակներն այն մարդիկ են, որոնք պատրաստ են կռվել Ղարաբաղի համար: Նրանք ամենուր պրոպագանդում են Ադրբեջանը եւ հասել են նրան, որ ռուսաստանյան կազակների համայնքները աջակցում են մեր երկիրը»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքերով` մոտ ժամանակներս Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է քննարկել տեղի կազակների ծառայության հարցը` Ազգային բանակի առանձին ջոկատում, տեղեկացնում է «Նովիե Իզվեստիան»: