«Կարծում եմ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները ԼՂԴՀ-ում ամենաարդար ու թափանցիկ ընտրություններից մեկը կդառնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության մեջ եւ կշարունակեն ԼՂՀ-ում վերջին ժողովրդավարական ընտրությունների ավանդույթները»: Այդ մասին հայտարարել է այս օրերին Ստեփանակերտում գտնվող քաղաքական տեխնոլոգիաներով եւ խորհրդատվություններով զբաղվող մոսկովյան ֆիրմայի ղեկավար Վիգեն Բադալյանը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փորձագետի կարծիքով` ազնիվ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար ԼՂՀ-ում բավականաչափ հիմքեր կան: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան լավ կաշխատեն կուսակցությունների, թեկնածուների, դաշինքների դիտորդները: Ներքուստ համոզված եմ, որ խախտումներ չեն լինի, այդպիսի երեւույթներ թույլ չեն տա իրենք` ընտրողները»,- ասել է ռուս քաղտեխնոլոգը: Վիգեն Բադալյանը Ռուսաստանում եւ Ուկրաինայում ավելի քան 20 ընտրարշավների անցկացման փորձ ունի: Նա կանգնած էր Ղարաբաղի հեռուստատեսության ստեղծման ակունքներում, նրա հաղորդումները հեռարձակվել են ռուսական հայտնի հեռուստաալիքներով: Նա Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հանրային քաղաքականության ամբիոնի դասախոս է: