AM
16 June 2005 - 08:53 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը շնորհավորել է Վլադիմիր Ռեսինին` Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման արժանանալու առթիվ եւ շնորհակալություն է հայտնել նրան` Երեւանի եւ Մոսկվայի միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման մեջ ունեցած ակտիվ դերի համար: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը զգալիորեն նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների, ինչպես նաեւ Երեւանի ու Մոսկվայի քաղաքապետարանների միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: Ինչպես նշել է Վ.Ռեսինը, 1988-ի մեծ աղետից հետո 17 տարի անց դարձյալ լինելով Հայաստանում, անչափ տպավորված է մեր երկրում, մասնավորապես, աղետի գոտում կատարված փոփոխություններից: Մասնագիտությամբ լինելով շինարար, նա բարձր է գնահատել Հայաստանում ընթացող շինարարության լայն թափն ու որակը, ինչն օրըստօրե փոխում է երկրի դեմքը: Նա կարեւորել է Երեւանում Մոսկվայի տան եւ Մոսկվայում` Երեւանի տան կառուցման նախագծերը: Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին Երեւանի եւ Մոսկվայի միջեւ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կապակցությամբ, որոնց արդյունքում, 2005-2007թթ. ժամանակահատվածում երկու երկրների մայրաքաղաքների գործադիր իշխանությունների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը որակապես նոր աստիճանի կբարձրացնի Երեւանի եւ Մոսկվայի համագործակցությունը: Ինչպես նշել են զրուցակիցները, հայ-ռուսական հարաբերություններին նպաստում են այս տարի «Հայաստանում Ռուսաստանի օրերի» եւ 2006 թվականին «Ռուսաստանում Հայաստանի օրերի» անցկացումը: Կողմերը կարեւորել են նաեւ Ռուսաստանում բնակվող մեծաթիվ հայ համայնքի հնարավորությունների օգտագործումը` հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսությունում Մոսկվայի գործարար շրջանակների ներդրումների ներգրավմանն առնչվող եւ այլ հարցեր: