Գերմանիայի Բունդեստագը միաձայն եւ առանց քննարկման ընդունել է Քրիստոնեական միացյալ կուսակցությունների (CDU/CSU) կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության հիշատակման մասին առաջարկը: Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» թերթը, փաստաթուղթը կրում է «1915 թ-ին հայերի տարագրության եւ ջարդերի հիշատակումը. Գերմանիան պետք է մասնակցի թուրքերի հետ հայերի հաշտեցմանը» անվանունը: Թերթը գրել է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշման մեջ թեեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ուղղակի խոսք չկա, սակայն, այնտեղ ասվում է, որ «աշխարհի բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպություններ 1915 թ-ին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն են որակել»:Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «ցեղասպանություն» բառը բանաձեւում օգտագործված է ընդամենը մեկ անգամ: Գերմանիայում ապրող վերլուծաբան եւ լրագրող Աշոտ Մանուչարյանը փաստաթուղթն անվանեց «վախկոտների հայտարարություն»: «Գերմանացիները լավ գիտեն, որ ցեղասպանություն է կատարվել, նրանց արխիվները լի են դա հաստատող փաստաթղթերով», – ասաց Աշոտ Մանուչարյանը: Այնուամենայնիվ, նրա կարծիքով` «սա էլ չեղածից լավ է»: Փաստաթղթում նշված է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է հորդորի Թուրքիային «հետաքննել կոտորածները եւ խթանել հաշտեցումը հայերի հետ»: «Խորհրդարանը համոզված է, որ անհրաժեշտ է ազնիվ պատմական ուսումնասիրություն, որը հաշտեցման ամենակարեւոր հիմքն է»,-նշվում է բանաձեւում: Բանաձեւով առաջարկում է ստեղծել թուրք, հայ եւ օտարերկրացի պատմաբաններից կազմված հանձնաժողով` կատարվածն ուսումնասիրելու համար: Բացի այդ, փաստաթղթում նաեւ նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները «ճնշում են երկրի ներսում այս հարցով բանավեճ ծավալելու փորձերը»: Պատգամավորները կոչ են արել Գերմանիայի արտգործնախարարությանը բացել այդ ժամանակաշրջանին վերաբերող իր արխիվները: