«Հայերի հավաստիացումների դեմ պայքարը մեր կառավարության արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկն է: Ներկայումս մեզ համար ամենակարեւորը մեր պայքարում անհրաժեշտ ռազմավարության մշակումն է, եւ ԱԳՆ-ն մանրակրկիտ աշխատանք է տանում այդ ուղղությամբ»: Այդ մասին, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: «Մենք պատմական առաջարկ արեցինք Հայաստանին` վարչապետը նամակ հղեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ պաշտոնապես ներկայացրեց թուրքական կողմի առաջարկները վիճահարույց խնդրի շուրջ: Ապրիլի 26-ի Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը մեր վարչապետին մենք գնահատեցինք դրական: Այդ երկու նամակների հիմքում ընկած ընդհանուր մոտեցումների առկայությունը դեռեւս ուսումնասիրվում է»,-նկատել է նա: Դիմելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին` թուրքական ԱԳՆ ղեկավարը հայտարարել է.«Մենք լրջորեն նախազգուշացնում ենք այն երկրներին, որոնց խորհրդարանները մեղադրում են Թուրքիային եւ թուրք ժողովրդին ցեղասպանություն իրագործելու մեջ եւ այդ առումով որոշակի նախաձեռնություններով են հանդես գալիս: Ոչ ոք իրավունք չունի խեղաթյուրված պատմական փաստերի եւ անպտուղ քաղաքական շահերի հիման վրա մեղադրել թուրք ժողովրդին»: Ինչպես նշել է «Ազգ» թերթը, Գյուլը շոշափել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, ընդգծելով, որ դրանց չկարգավորվածության ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա: «Հատուկ ցանկանում եմ նշել, որ մեր կառավարությունը դեմ չէ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը: Հակառակը, դա կնպաստի կայունության հաստատմանը տարածաշրջանում եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը: Մենք ձգտում ենք նորմալ հարաբերությունների աստիճանական հաստատմանը: Նման առաջադրանքով շարունակվում է մեր երկխոսությունը Հայաստանի հետ` հաղթահարելու համար փոխադարձ վստահության բացակայությունը երկու երկրների միջեւ»,-ամփոփել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: